ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները օրվա ընթացքում երեք ուկրաինական «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք են խոցել Զմեյնի կղզու շրջանում, հայտնում Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Զմեյնի կղզու շրջանում ոչնչացրել են երեք «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք»,-հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ:
Բացի այդ, Խարկովի մարզի Չերվոնիյ Օսկոլ և Նևսկոյե բնակավայրերի, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրի մոտակայքում խոցվել է ևս չորս ուկրաինական ԱԹՍ, իսկ Իզյում, Տոպոլսկոյե և Մալայա Կամիշևախա շրջաններում առգրավվել է «Սմերչ» տեսակի 5 ռեակտիվ արկ:
Գեներալի խոսքով՝ օրվա ընթացքում բարձր ճշգրտության ավիահրթիռներով խոցվել է Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ, որոնց թվում է կառավարման հինգ կետ, այդ թվում՝ 95-րդ դեսանտա-գրոհային և 81-րդ աերոմոբիլային բրիգադի գումարտակների հրամանատարական դիտակետերը:
Կոնաշենկովը հավելել է, որ խոցվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 25 հենակետ, այդ թվում՝ նացիստական «Այդար» կազմավորման Ալեքսանդրովկայի շրջանում:
Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի պահեստ, իսկ Մեժեվայա բնակավայրի շրջանում ոչնչացվել են Ս-300 ԶՀՀ-ների չորս արձակման կայանք և հետախուզության և ուղղորդման մեկ ռադիոլոկացիոն կայան:
«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 690 անօդաչու թռչող սարք, 285 զենիթահրթիռային համալիր, 2760 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 316 կայանք, դաշտային հրետանու 1246 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2578 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել Է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։