ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Լուսինե Սեփխանյանը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Գրավը վճարելուն պես պարոն Փարամազյանն ազատ կարձակվի։ Նա այս պահին գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Նրա մոտ այնպիսի հիվանդություն չէ, որ դուրս գալուց հետո էլ տեղափոխվի հիվանդանոց, սակայն պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Սահակյանը։
Հիշեցնենք` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
2021 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը որոշել էր 70 մլն գրավի դիմաց ազատ արձակել նրան։
Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Փարամազյանը կրկին կալանավորվել է։