ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հակամարտության պատճառով Եվրոպային հսկայական էներգետիկ ճգնաժամ է սպառնում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սքրեկասը, որը Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ խորհրդակցությանը մասնակցելու համար մեկնել է Բրյուսել։
Ավելի վաղ Սքրեկասն ասել էր, որ Հունաստանն էներգետիկայի նախարարների խորհրդում կբարձրացնի «Գազպրոմին» ռուսական գազի դիմաց վճարման եղանակի հարցը: Ռուսաստանը ծածկում է Հունաստանի գազի կարիքների շուրջ 45%-ը, իսկ ժամանակ առ ժամանակ՝ մինչև 55%-ը։
«Այսօր էներգետիկայի նախարարների խորհրդում ես կփոխանցեմ Հունաստանի կառավարության և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը` ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության, Եվրոպան բնական գազով ապահովելու, ինչպես նաև տնային տնտեսությունների, հատկապես առավել խոցելի տնտեսությունների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կոլեկտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ կապված էներգիայի գների էական աճի հետ»,- ասել է հույն նախարարը:
Սքրեկասը, սակայն, չի պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք Հունաստանը կաջակցի Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյին:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Եվրամիությունը հազիվ թե կարողանա առաջիկա 5-10 տարում ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը, այդ հարցում համակարծիք են ոլորտի առանցքային խաղացողները: Նախարարի կարծիքով՝ Եվրոպայի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին քննարկումն անգամ բացասաբար է ազդում շուկայի վրա, այն անմիջապես արձագանքում է դրան։ Նովակը նշել էր, որ առանց ՌԴ-ից մատակարարվող նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն։