ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն գործադրած Երևանի 42-ամյա բնակիչ Ա. Խ.–ն կալանավորվել է։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, խախտել են հասարակական կարգը և բռնություն գործադրել «Անտարեսի» տնօրենի նկատմամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որոշում է կայացվել Ա. Խ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջության միջին ծանրության վնաս պատճառելով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար:
«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Պարոնյան–Լեո փողոցների հատվող մասում, որտեղ ընդդիմադիրները մոմեր ու խաղալիքներ էին դրել, աղոթել մահացած հղի կնոջ համար։ Հենց այդ հատվածում հայտնվել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում ծեծի են ենթարկել։ Մարտիրոսյանը ՀԱԿ դաշինքի անդամ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք, ըստ որոշ տեղեկությունների, մտերիմ են։