Ցուցարարները ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»:
Sputnik
Ընդդիմության կազմակերպած երթերի մասնակիցները Երևանի Լեո-Պարոնյան փողոցների հատվող մասում ծաղիկներ ու մոմեր են դրել վրաերթի ենթարկված կնոջ հիշատակին։ Տեղում աշխատող Sputnik Արմենիայի աշխատակիցը փոխանցում է, որ հավաքվածները միասին աղոթել են կնոջ հոգու հանգստության համար։
Ցուցարարները երթով անցել են նաև կառավարական ամառանոցների մոտով՝ վանկարկելով «Ամո՛թ»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սոնա Մնացականյանի ընկերներից մեկը, որը խնդրեց անանուն մնալ, ասաց, որ Սոնայի ամուսինը հրաժարվել է կապի դուրս գալ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:30 սահմանում վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին։ Հղիության յոթերորդ ամսում գտնվող կնոջը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, բայց նա ուշքի չգալով՝ մահացել է։
Այսօր վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են դեպքը՝ ասելով, որ եթե ավտոշարասյան մեքենան կանգներ, դա խցանում կառաջացներ փողոցում և շտապօգնությունը տեղ չէր հասնի։ Ըստ աշխատակազմի հաղորդագրության՝ Փաշինյանը ցավակցել է մահացած կնոջ հորը։ Ղեկին եղած ոստիկանության սպան ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք տվել։