Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել

107-րդ տարելիցին նվիրված ծրագիրը շարունակվելու է նաև ապրիլի 24-ին և 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ:
Տեղեկությունը հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետ Բաղդասարյանը և «Ֆեյսբուքի» գրառմանը կից լուսանկարներ հրապարակել երթից:
Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Մենք քայլում ենք հանուն արդարության» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշները։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ (20 ապրիլի, 2022թ). Երուսաղեմ
Ակցիայի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:
Այնուհետև երթի մասնակիցները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:
Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց, այնուհետև հիշատակի երեկո կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:
Ապրիլի 25-ին էլ Սուրբ Հակոբյանց մայր տաճարում պատարագ է մատուցվելու, որից հետո թափորով երթ կիրականացվի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։