ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները, ասել է, որ ինքը նման բառեր չէր օգտագործի: Այս մասին նա ասել է France 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բայդենն ավելի վաղ, այսպես ասած, ոչ դիվանագիտորեն է արտահայտվել Պուտինի մասին՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին ուկրաինացի փախստականների ճամբար այցելության ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը երեկ ելույթ էր ունեցել՝ նշելով, որ այս պայքարում հաղթանակ չի լինելու ո՛չ առաջիկա օրերին, ո՛չ էլ ամիսներին։ «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի»,- հայտարարել էր Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, թե Պուտինն այլևս չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս հայտարարությանն արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ընդգծել, որ Ռուսաստանի նախագահին ժողովուրդն է ընտրում, և Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը:
«Ես կարծում եմ, որ պետք է հենվել փաստերի վրա և անել ամեն ինչ, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Ես նման բառեր չէի օգտագործի, քանի որ շարունակում եմ քննարկումներ անցկացնել նախագահ Պուտինի հետ»,- հայտարարել է Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ «մենք որոշում ենք ընդունել հակամարտությանը ռազմական ճանապարհով չմիջամտելու հարցում»: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է նախ հասնել կրակի դադարեցման, ապա Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման:
«Եթե մենք ցանկանում ենք դա, պետք չէ թեժացնել իրավիճակը ո՛չ խոսքով, ո՛չ գործողություններով»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։