ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռքբերել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպել են Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանի հետ
© Photo : ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերային կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և դա հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։