Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին

Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին
Խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ խնդրին լուծում է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սյունիքիմարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին, հայտնում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ հունվարի 13–ին, ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։

«Խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Խաղաղապահների տրամադրած տեղեկության համաձայն էլ` հովիվը հատել է շփման գիծը, և Ադրբեջանի ԶՈւ ծառայողները բռնել են նրան։
Իսկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել էր, որ ՄԻՊ–ն ահազանգ է ստացել, որ ադրբեջանական 4 զինված ծառայող հանցավոր արարքներով առևանգել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։
Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
Ըստ ահազանգի` առևանգումից առաջ ՀՀ բնակիչը Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածացնելիս է եղել իր ոչխարներին: