ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից 320 000 դրամ պարտքով գումար խնդրեց։
«Եթե ես ձեզանից խնդրեմ 320 000 դրամ մինչև վաղն առավոտը, ինչո՞ւ պետք է դուք ինձ դա բանկով փոխանցեք»,– ասաց նա։
Երիցյանը պատասխանեց, որ այդքան գումար չունի, ընդամենը 6-7 հազար դրամ կանխիկ գումար ունի։
«Ես կասեմ` հեռախոսով ինձ հաշվիդ համարն ուղարկի, 5 վայրկյանում այդ գումարը կնստեր հաշվիդ»,– ասաց Երիցյանը։
Այս երկխոսությունն ընդդիմադիր պատգամավորի ու ԿԲ փոխնախագահի միջև տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ԿԲ–ի առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։
ԿԲ նախագահն ընդդիմադիր պատգամավորին վստահեցրեց, որ անկանխիկ փոխանցումն ավելի ապահով է. կանխիկ գումարը նրանից կարող էին հաջորդ պահին գողանալ, իսկ անկանխիկը` ոչ։
Ներսես Երիցյանը նաև շեշտեց, որ նման փոխանցումների դեպքում բանկային ծառայության դիմաց քաղաքացին չի վճարում, քանի որ ՀՀ–ում բանկային փոխանցումներն ու կանխիկացումն ազգային արժույթով անվճար է։
Ի դեպ, ըստ օրենքի, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ ԿԲ–ն փոփոխություներ է նախատեսում նաև այս ոլորտում` նվազեցնելու բանկային միջնորդավճարները, որպեսզի իրվաբանական անձինք այս փոփոխությունից ևս չտուժեն։
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ԱԺ–ն 2020թ–ին առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Դրանով նախատեսվում էր օրենքը կիրարկել 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԿԲ–ն արդեն որոշել է փոփոխել կիրարկման ժամկետը։