Ղազախստանում անկարգությունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ին տեղեկություն է փոխանցել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղազախստանյան իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ` այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»,–ասաց Հունանյանը։
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի. հայտարարություն
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան