Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. հարուցվել է քրգործ

Բագրատաշեն. Արխիվային լուսանկար
Վերջին շրջանում երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պետականեկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ–ից։
Իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն` բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ:
Գլխավոր դատախազը ՊԵԿ-ում հայտնաբերված հանցագործությունների հարցով դիմել է ՊԵԿ նախագահին
Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել ՀՀ՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:
Երկու եղբայր Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին քաշքշել են, հարվածել. մեկը հետախուզվում է
Այս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։