Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի
Բանակի վերնախավը
«The Mirror»–ի տվյալներով՝ բրիտանական կառավարությունը սկզբում կասկածում էր, բայց զինվորականները, այնուամենայնիվ, համոզել են, որ սպառնալիքներ կան Կրեմլից։ Իբր ռուսական տանկերը շուտով անցնելու են սահմանը և հաղթական երթով շարժվելու են դեպի Կիև։ Լոնդոնը մտածել է, որ 600 էլիտար զինվորականները «կխափանեն նենգ ծրագրերը»։
Հատուկ խմբի միջուկը 16-րդ դեսանտագրոհային բրիգադի ու SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն են, որը հայտնի է դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից: Այս ստորաբաժանումը տասնյակ հաջող գործողություններ է իրականացրել ամբողջ աշխարհում։ Դրա օրինակով հատուկ ջոկատներ են ձևավորվել, օրինակ` ամերիկյան «Դելտան»։ Բրիտանական հատուկջոկատայինների յուրահատկությունը ճակատային գծի հետևում իրականացվող գործողություններն են, դիվերսիաները հակառակորդի թիկունքում և խորքային հետախուզությունը։
Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Ուկրաինա տեղափոխվելու հրաման կտան միայն «Մոսկվայի ներխուժման դեպքում»։ Բայց պրոֆեսիոնալներն արդեն լիովին պատրաստ են։
Ալարմիստական հռետորաբանությունը բրիտանացիները բացատրում են Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական զորքերի կուտակմամբ»։ Չնայած Մոսկվայում բազմիցս նշել են, որ սուվերեն սահմաններում անցկացվող պլանային զորավարժություններում արտառոց ոչինչ չկա։
«Ռազմական յուրացում»
Կիևն ու արևմտյան երկրների կառավարությունները հետզհետե ավելի բարձր են գոռում Կրեմլի «ագրեսիայի» մասին։ Գաղտնիք չէ, որ դաշնակցին պաշտպանելու պատրվակով ՆԱՏՕ-ն ամուր հաստատվել է Ուկրաինայում և շարունակում է զինել Ուկրաինայի ԶՈւ-ին։ Օրերս Կիև է հասցվել տարբեր նշանակության 80 տոննա ռազմամթերք։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ից նավ էր մեկնել՝ Island տիպի երկու նավակներով՝ Ուկրաինայի Ռազմածովային ուժերի կարիքների համար։
Ուկրաինայում արդեն ՆԱՏՕ-ի մի քանի ռազմական օբյեկտ է գործում։ 2015 թվականից Լվովի մարզի Յավորովի զորավարժարանում Պենտագոնի մասնագետները հրահանգավորում են Ուկրաինայի ԶՈւ ծառայողներին։ Զորավարժարանը պաշտոնապես պատկանում է Կիևին, բայց փաստացի դաշինքի բազան է: Պարզապես «ուկրաինացի գործընկերներին» էլ են այնտեղ թողնում։
Ի տարբերություն Օչակովում (Նիկոլաևսկի մարզ) նավերի կառավարման կետի, որը կառուցել է ԱՄՆ-ի ծովային հետևակի գումարտակը, այստեղ ամերիկացիները ծրագրում են նավանորոգարան սարքավորել, որպեսզի իրենց «վիմպել»–ները վերանորոգեն ու սպասարկեն Ղրիմի ափի մոտակայքում:
Բրիտանացիներն էլ «յուրացրել» են հարավի նավահանգիստը՝ Օդեսայից 30 կմ հեռավորության վրա։ Ռազմական ջրասուզակները կատարել են ռազմածովային բազայի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նախնական աշխատանքները։ Ուկրաինայի ռազմածովային նավատորմի ներկայության մասին խոսք չկա: Լոնդոնը հայտարարել է, որ ուզում է նման օբյեկտ ունենալ նաև Ազովի ծովում։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարիուպոլի մերձակայքում ամերիկացի զինվորականներն ուկրաինացի դիպուկահարներ են պատրաստում, Խերսոնի շրջանում՝ դիվերսանտներ, Զմեինի կղզու հետախուզական կենտրոնում՝ հետախույզներ ու մարտական լողորդներ, Միխայլովկայի մոտ՝ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ: ԱՄՆ-ում, ըստ էության, համարում են, որ Ուկրաինան իրենց տարածքն է։ Օրերս կոնգրեսական Մայք Թյորներն ուղիղ ասել էր, որ Պենտագոնն այնտեղ «մշտական ներկայություն» ունի։
ՆԱՏՕ-ի ներդրումը
Բայց ակնհայտ է, որ Կիևին այսքանը չի բավարարում։ Այսպես` «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Օլեգ Դունդան բացահայտել է պաշտպանության նախարարության խնդիրը` «Միացյալ Նահանգներին ներգրավել է՛լ ավելի սերտ համագործակցության մեջ»։
Այդ մասին բացահայտ խոսում են Ուկրաինայի առաջին դեմքերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում Կիևի ռազմատենչ հռետորաբանությունը կապում են զենք ուղարկելու հերթական պահանջի հետ։
«Պարզ է, որ Զելենսկին դեմ չէ ինչ-որ միջադեպեր հրահրելուն` այն հաշվարկով, որ, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, «արտասահմանը մեզ կօգնի»։ Կարծում եմ` բոլոր քիչ թե շատ իրազեկ. իրադարձությունների զարգացմանը հետևող արևմտյան փորձագետները շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը»,– ասել է Սերգեյ Լավրովը:
Դա գիտակցում են նաև Ուկրաինայում։ Ըստ ZN.ua–ի՝ «հարավ-արևելքում սրացման» ֆոնին ցանկությունների ցուցակ են ուղարկել Պենտագոն` «Հարպուն» հրթիռներ (ծովային նպատակների համար) ու ցամաքային SLAM (Standoff Land Attack Missile) են ուզում: Ավելի վաղ Patriot զենիթահրթիռային համալիրներ, F-16 կամ JAS 39 Gripen կործանիչներ, ինչպես նաև զրահատեխնիկա էին խնդրել։