ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր «Բալասանյան դաշինք» սոցիալիստական կուսակցության և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հայտնում է` հուշագրով որոշվեց, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները ՔՊ–ից կլինեն։
Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից ավագանու անդամ, Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը և ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը։
«Ըստ հուշագրի` կողմերը պարտավորվում են իրականացնել համաձայնեցված կադրային քաղաքականություն` այդպիսով ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար»,–ասաց Սոնա Առաքելյանը։
Միաժամանակ, նոյեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կկայանա Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում է համայնքի ղեկավարի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չի հասել։
Հենց այս պատճառով էլ ՔՊ–ն և «Բալասանյան» դաշինքը հուշագիր ստորագրեցին։