Իրինա Բադմաևա, ՌԻԱ Նովոստի
Ածխի վերադարձը
Չնայած CO2-ի արտանետումները կրճատելու կոչերին՝ ածխի պահանջարկը գնալով աճում է: Ածուխը նույնիսկ էկոլոգիան գնահատող Եվրոպա են տանում. գազի ռեկորդային բարձր գների պատճառով այնտեղ ստիպված են եղել անցնել կոշտ վառելիքի։ ԵՄ-ում երկնագույն վառելիքի համար հազար խորանարդ մետրի դիմաց 1400 դոլար են տալիս։ Էներգետիկ ընկերությունները շունչներն են փչում։ Ոմանք արդեն սնանկացել են։ Ածուխը միակ փրկությունն է։
Բայց ածուխն էլ չի բավականացնում Եվրոպային։ Հիմնական մատակարարները չեն հասցնում ավելացնել արտահանումը։
Չինաստանում նույնպես պակասուրդ կա։ Երկինքը մաքուր պահելու համար այնտեղ փակել են ածխահանքերը։ Չինաստանի տնտեսությունն արագ վերականգնվում է։ Ձեռնարկություններին ավելի շատ էլեկտրաէներգիա է պետք։ Ակնհայտ է, որ երկիրը կշարունակի լայնորեն օգտագործել կոշտ վառելիքը։ Դրան գումարվել են այլ մատակարար երկրների հետ հակամարտությունները։
«Պեկինը փչացրեց հարաբերությունները Ավստրալիայի հետ, որտեղ արտադրվում է ածխի համաշխարհային ծավալի մոտ ութ տոկոսը։ Այս ամենը համընկավ Ինդոնեզիայից ներմուծվող ածխի ծավալի կրճատման հետ, որը Չինաստանից բացի սպասարկում է Հնդկաստանին ու ասիական այլ երկրներին»,– նշում է «Amarkets» վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Դեևը։
Արդյունքում Չինաստանի շրջանների երկու երրորդն անցել է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի։ Նավթաքիմիական խոշոր ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը։
Պակասուրդը խթանել է գնաճը։ Եվ ոչ միայն Չինաստանում։ Եվրոպայում կոշտ վառելիքը մոտ 14 տոկոսով թանկ է, քան Ասիայում։
«Քանի որ պահանջարկը մեծանում է, ածուխը թանկանալու է ընդհուպ մինչև ջեռուցման սեզոնի ավարտը և՛ արևմուտքում, և՛ արևելքում, որտեղ աճում է էներգետիկ ճգնաժամի սպառնալիքը»,– կարծում է Դեևը:
Ցուրտ ձմեռ և շոգ ամառ
Վերջին տարիներին ածխի կարիքը գնալով նվազում էր։ Եվրոպան, Չինաստանն ու ԱՄՆ-ն դեպի դեկարբոնիզացիա էին գնում (ածխաջրածիններից հրաժարում)։ Սակայն «կանաչացումը» ժամանակ է պահանջում։ Արագ չի ստացվի։
Ցրտաշունչ ձմռան և անոմալ շոգ ամառվա պատճառով եվրոպական ստորգետնյա գազային պահեստները դատարկվել են, գազի ու նավթի գները` բարձրացել։
Եվ ահա հիշել են ածխի մասին: Բայց առաջարկը պահանջարկի հետևից չի հասցնում։ Էլեկտրաէներգիա արտադրող եվրոպացիները Ռուսաստանին խնդրում են ավելի շատ արտահանել:
Մատակարարողներն առանձնապես ընտրություն չունեն։ Հույսը դրել են Ռուսաստանի վրա, որը հանածո վառելիքի պաշարներով չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, վեցերորդը՝ արդյունահանման, երրորդը՝ արտահանման ցուցանիշներով։
Թանկացող հումքը, անշուշտ, գումար կբերի ռուսական ընկերություններին։ 2019-ին մեկ տոննա ածուխը ասիական շուկաներում միջինը 90 դոլար էր, հիմա ԵՄ-ում՝ 300։
Բայց արտահանման զգալի աճ չի սպասվում։ Վառելիքը պետք է ներքին շուկայի համար. օդերևութաբանները ցուրտ ձմեռ են խոստացել։
«Կարճաժամկետ հեռանկարում աժիոտաժային պահանջարկը կպահպանվի։ Սպեկուլյանտները դա «կտաքացնեն» համաշխարհային հարթակներում», - կարծում է Համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոևը:
Բայց սարերի հետևում չէ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը։ Շուկան սպասում է երկարաժամկետ գազային պայմանագրերի կնքմանը, որոնք կկայունացնեն կապույտ վառելիքի գները, հետո նաև` կոշտ վառելիքի։ Եվ չմոռանանք, որ չնայած այսօրվա բումին` աշխարհը հրաժարվում է ածխից: