ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։
Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:
Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայցը դատարան ներկայացնելուց առաջ դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնել էր, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։