ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ և զրպարտչական։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը քիչ հետո դատական հայց կներկայացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։
Օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
«Մենք դատարանում պահանջելու ենք արդարություն, ոչ թե նստել և սպասելու ենք, որ երկնքից ընկնի այն մեր գլխին։ Պահանջելու ենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի ամբիոնից հերքի իր իսկ ասած տեղեկությունները։ Ավելին, եթե շարունակվեն անվանարկող տեղեկությունները, մենք կրկին դատարան կդիմենք` այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում պետք է պատասխան տան»,–ասաց Մակինյանը։
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի պատիվ ու բարի համբավն արատավորող տեղեկություններ հայտնելու համար են դիմել դատարան։ Մակինյանը նշեց, որ զրպարտություն են համարել Բադեն–Բադենում 100 միլիոն դոլարից ավելի գումար ծախսելու` Սուքիասյանի հայտարարությունը։ Փաստաբանը վստահեցրեց` Սուքիասյանի ասածներն անհիմն են։
Պաշտպանը հայտնեց նաև, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։