ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ հանդես է եկել հանուն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին։ Ավելին` Մոսկվան արձանագրել և ի գիտություն է ընդունել Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
«Անցյալում մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրելու հարցում, նպաստել 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը», – հիշեցրել է Զախարովան։
Նրա խոսքով` արձանագրություններն առանց նախապայմանների փուլային բարելավում էին նախատեսում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում։ Այն ժամանակ Ռուսաստանը գործուն և արդյունավետ դեր է խաղացել։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փաստեց, որ կողմերն այդպես էլ չիրագործեցին այն նախաձեռնությունները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն, նրա խոսքով, դա յուրաքանչյուր պետության կամքն էր։
«Մենք այսօր էլ պատրաստ ենք աջակցել երկու հարևան պետությունների մերձեցմանը` փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա», – նշել է Զախարովան։
Ըստ նրա` Մոսկվան կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավումը կաշխատեր ի նպաստ խաղաղության, կայունության և տարածաշրջանի բարգավաճման։
Ինչ վերաբերում է «վեցյակի հարթակին», Զախարովան նշել է, որ այդ ձևաչափը կարող էր համապատասխանել դրա բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող էր ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության, վստահության ամրապնդմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։