2009 թվականին չինացի հետազոտողների մի խումբ աշխարհով մեկ սենսացիոն հայտարարություն արեց, որ վերջապես գտել են իսկական Նոյյան տապանը՝ հենց այն, որի շնորհիվ աստվածաշնչյան Նոյն իր ընտանիքի և բոլոր տեսակի կենդանիների հետ փրկվեց համաշխարհային ջրհեղեղից:
Հոնկոնգում կայացած ասուլիսի ժամանակ Ստամբուլի համալսարանի Եվրասիական հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Օքթայ Բելլին ասաց․ «Որոնողական խումբը պատմության մեծագույն հայտնագործությունն է արել։ Արարատ լեռան վրա մարդկային բնակավայրերը երբեք 3500 մետրից բարձր չեն եղել։ Արարատ լեռը սուրբ վայր է։ Շատերն են լեռան վրա փնտրել Սուրբ տապանը։ Սա իսկական հայտնագործություն է, առաջին լուրջ գիտարշավը, որի ընթացքում թիմը սառույցի տակ փայտե կոնստրուկցիա է գտել»:
Սա պատմության ընթացքում առաջին դեպքն էր, երբ հաջողվեց տեսանկարահանել լեռան վրա հայտնաբերված փայտե կոնստրուկցիայի մեծ մասը, որի մասին ավելի վաղ խոսում էին հետազոտողները։ Լեգենդար նավի մնացորդները հայտնաբերել էին Հոնկոնգի «Noah's Ark Ministries International» (NAMI) խմբի կինովավերագրողները։ 2010թ․-ին գտածոյի մասին առավել մանրամասն պատմեց NAMI-ի ռեժիսոր Յունգ Ուինգ Չունգը (Yeung Wing-Cheung)։
-Իհարկե, 100 տոկոսանոց բացարձակ վստահություն չկա, որ հենց լեգենդար նավն է հայտնաբերվել, բայց 99,9 տոկոսով կարելի է ենթադրել, որ հենց տապանն է։
Տարօրինակ է, որ հավատացյալ մարդիկ Արարատի վրա մեծ փայտե նավ են հայտնաբերել, ինչպես իրենք են պնդում, և 100 տոկոսով վստահ չեն, որ դա Նոյյան տապանն է։ Այդ դեպքում ի՞նչ է։ Բնականաբար, կասկածամիտների գլխում տեղնուտեղը մեծ հարց ծագեց՝ արդյո՞ք չինացիներն իսկապես ուշադրության արժանի ինչ-որ բան են գտել, թե՞ մարդկանց հերթական անգամ հիմարացնում են հայտնաբերված տապանի մասին պատմություններով, ինչը տեղի է ունենում ամեն տարի, ընդ որում՝ որտեղ ասես, նույնիսկ Արարատից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Բայց արշավախմբի մեկ այլ անդամ՝ Ման-ֆայ Յուենը, պատմեց, որ դեպի Նոյյան տապան տանող ճանապարհն իրենց ցույց են տվել քրդերը, որոնք էլ հենց 2009թ․-ի հոկտեմբերին գաղտնի կածաններով իրենց տեղ են հասցրել։ Նավը գտնվել է 4000 մետրից մի փոքր ավելի բարձրության վրա։ Չինացիներն անգամ տեսանկարահանել են իրենց գտածոն և հրապարակել համացանցում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել ու համոզվել։ Բոլոր նյութերը հասանելի են հետազոտող արշավախմբի պաշտոնական կայքում։
-Մենք սառցակալած փայտե տախտակամած տեսանք, եզրերին՝ պատերից մնացած հատվածներ, այդ ամենը հսկայական փայտե տուփի մնացորդներ էր հիշեցնում։ Մենք նույնիսկ ներս մտանք և փայտե գերաններով առանձնացված մի քանի բաժին տեսանք։ Հենց այդտեղ էլ, ամենայն հավանականությամբ, տեղավորված են եղել կենդանիները, քանի որ անգամ հարդի մնացորդներ են հայտնաբերվել։
Սակայն հոռետեսները չընդունեցին այն վարկածը, որ հենց այդ հարդով է Նոյը կերակրել կենդանիներին, քանի որ այդ բարձրության վրա կենդանիների ոչ մի հետք չկար, և հետո խոշոր կենդանիներն ակնհայտորեն չէին կարող անցնել չափազանց նեղ միջանցքներով, որոնք երևում են տեսանյութում։ Իսկ հարդը, ինչպես հայտնի է, դեռ նախամարդիկ էին օգտագործում քարանձավներում. քնում էին դրա վրա։
Չինացիները գերաններից մեկից մի քանի կտոր են պոկել ժամանակաշրջանը որոշելու համար, և ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ փայտը մոտ 4800 տարեկան է։ Այդ տարեթիվը մոտ է նրան, որը 1922-1934թթ․-ին բացահայտել էր Չարլզ Լեոնարդ Վուլլիի ղեկավարած ամերիկյան հնագիտական արշավախումբը Եփրատ գետի ափին, Ուր քաղաքի պեղումների ժամանակ։
Հնագետները 3 մետր հաստությամբ տիղմի շերտ էին հայտնաբերել, և դա բավականին լուրջ վկայություն էր, որ հնագույն ժամանակներում այդ տարածքում թեկուզ ոչ համաշխարհային, բայց խիստ աղետալի տեղային ջրհեղեղ է եղել, և դա տեղի է ունեցել մոտ 5000 տարի առաջ։
20-րդ դարի առաջին կեսին Միջագետքում իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնագույն Ուր, Քիշ, Ուրուկ և Շուրուպպակ քաղաքների տակ գտնվող կավի շերտերը տարբեր հնության են և արտացոլում են այն փաստը, որ ոչ թե մեկ ջրհեղեղ է եղել, այլ մի քանիսը և տարբեր ժամանակներում։
Բայց դրանցից ոչ մեկը, ըստ գիտնականների, չէր կարող հանգեցնել նրան, որ Նոյը, ավելի ճիշտ՝ նրա շումերա-աքքադական նախատիպ Ուտնապիշտիմն իր տապանով հասնի Արարատ լեռ։ Անգամ Հնդկական օվկիանոսից եկած հսկայական ուժգնության ցունամիի դեպքում, որը ջրհեղեղների ժամանակ կարող էր շումերների նավերը գետերի հունով դուրս բերել Հայկական լեռնաշխարհի՝ Միջագետքին սահմանակից հարավային շրջաններ, միևնույնն է, մինչև Արարատ դեռ մոտ 250 կմ ճանապարհ էր մնում։
Ղուրանում լեռը, որի վրա ապաստանում է տապանը, կոչվում է «Ջուդի-դագ», այսինքն՝ «Դատաստանի օրվա լեռ» (ժամանակակից Հարավարևելյան Թուրքիա, Վանա լճից դեպի հարավ, հայկական Կորդուք գավառ)։ Գիտնականների փաստարկները բավականին պարզ են․ Միջագետքի մեծ գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի ակունքները թեև Հայկական լեռնաշխարհում են, բայց Արարատից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են, ուստի ոչ մի ցունամի և ծովային ալիք չէր կարող այնտեղ հասնել անգամ ձորերով։
Եվ ուրեմն միջանցքներով, պատերով ու առանձնացված տարածքներով ի՞նչ փայտե տախտակամած են հայտնաբերել չինացիները։ Սովորաբար նրանց ուղիղ չեն ասում, որ կեղծում եք, բայց հաճախ են ակնարկում, որ հնարավոր է`ուրիշ վայրում են նկարահանում արել։
Բայց այստեղ պետք է հիշել, որ Արարատի վրա պարբերաբար են զանազան փայտե կտորներ հայտնաբերվում, դեռ հին ժամանակներից սկսած։ Ահա դրանցից ամենահետաքրքիրները։ Տապանի մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա․ 3-րդ դարի սկզբին։
Բաբելոնցի քուրմ և պատմաբան Բերոսը (Մ․Թ․Ա․ մոտ 350-270 թթ․) գրում էր, որ Հայաստանում պահպանվել են նավի մնացորդներ, որի տիրոջը նա շումերական անունով է կոչում, հին հունական գրությամբ՝ Քսիսուտրոս։ «Այն վայրը, որտեղ դրանք գտնվում էին, Հայաստանում էր․․․ ասում են, որ մինչև օրս Հայաստանում՝ Կորդուքի լեռան վրա պահպանվել է այդ տապանի մնացորդը, և որ ոմանք դրանից խեժ են վերցնում` մեծամասամբ օգտագործելով հիվանդություններ բուժելու համար»։
Այդ մասին գրել են նաև հին ժամանակների գիտնականները, օրինակ՝ Հին Հունաստանի պատմաբան և փիլիսոփա Նիկողայոս Դամասկոսցին իր «Աշխարհի ժամանակագրության» մեջ պատմում է․ «Մինիասի շրջանից վեր՝ Հայաստանում, Բարիս (Մասիս) անունով բարձր լեռ կա, որի գագաթին, ըստ լեգենդի, ջրհեղեղի ժամանակ ապաստան են փնտրել և փրկություն գտել բազմաթիվ մարդիկ։
Պատմում են նաև, որ ինչ–որ մեկը տապանով կանգ է առել դրա գագաթին, և որ այստեղ երկար ժամանակ պահպանվել են այդ նավի մնացորդները։ Հնարավոր է, որ դա հենց նույն մարդն է, որի մասին գրում էր նաև հրեաների օրենսդիր Մովսեսը»։
Հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսը (մոտ 37-100թթ․) իր «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ հայտնում էր, որ «տապանի» գտնվելու վայրը հայերն անվանում են «իջնելու տեղ» և ցանկացողներին ցույց են տալիս դրա մնացորդները։
Էջմիածնի մասունքը
Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում՝ Էջմիածնում, փայտի փոքր կտոր է պահպանվում, որը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր մասունքներից մեկն է։ Ավանդությունն ասում է, որ դա Նոյի տապանի կտոր է, որն Աստված երազում փոխանցել է սուրբ Հակոբ Մծբնացուն։
Փայտի այդ կտորը՝ ոսկե շրջանակով և թանկարժեք քարերով շրջանակված, արդեն ավելի քան մեկուկես հազարամյակ պահվում է Էջմիածնի Մայր տաճարում։
Կարելի է նկատել, որ ներքևի ձախ անկյունում մի կտոր կտրված է։ 1766թ․-ին կաթողիկոս Սիմեոն Ա-ն մասունքից մի կտոր որպես նվեր փոխանցել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդին։
Հայ պատմիչ Փավստոս Բուզանդի գրի առած ավանդության համաձայն («Պատմություն հայոց», գիրք երրորդ, գլուխ 10)` տապանի մնացորդների առաջին որոնումները սկսվել են 4-րդ դարում՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո։ Սրբադասված եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին մտադիր էր այդ նպատակով բարձրանալ Արարատ լեռը։
Սակայն ճանապարհին շատ է հոգնում, պառկում է լեռան լանջին՝ հանգստանալու։ Եվ Աստված երազում իր Հրեշտակին է ուղարկում նրան, որն ասում է` ճանապարհը շարունակել չի կարելի։
Այս հատվածը Բուզանդի մոտ բառացիորեն այսպես է նկարագրված․ « Եվ հրեշտակն ասաց. «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանակի փայտերից է. ահա բերի քեզ համար. այնտեղից է այդ։ Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև տերը այսպես կամեցավ»։»
Սուրբ Հակոբն արթնանալուց հետո իր գլխի տակ քարացած տախտակի մի կտոր է տեսնում, վերցնում է և երջանիկ վերադառնում Էջմիածին, որտեղ մինչև օրս էլ կարելի է տեսնել մասունքը։
Մասիսի լանջերին՝ Ակոռի գյուղում, շուտով կառուցվում է Սուրբ Հակոբի վանքը։ 1829թ․-ին Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը հենց այդ գյուղից են սկսել դեպի Արարատի գագաթ վերելքը։
Բայց միաժամանակ, որքան էլ զարմանալի է, լեռը, որը բարձրանում էր Սուրբ Հակոբը, Բուզանդն անվանում է Սարարարդյան և, ինչպես և ժամանակակից գիտնականները, այն տեղակայում Հայկական լեռնաշխարհի ծայր հարավում՝ Մեծ Հայքի Կորճայք աշխարհի Կորդուք գավառում։
Այսինքն՝ ստացվում է, որ դա հենց Ջաբալ-Ջուդի լեռն է, որը Ղուրանում հայտնի է որպես «Դատաստանի լեռ»։ Ինչո՞ւ է այն կոչվում Սարարադ, ոչ թե Արարատ։ Հայ մեծանուն բանասեր, լեզվաբան և հնագետ-թարգմանիչ Ստեփան Մալխասյանցի (1857-1947թթ․) վարկածով՝ այդ ձևն առաջացել է հայերեն կից գրված երկու բառերի սխալ բաժանումից․ «լեռինս արարատա», որտեղ առաջին բառի վերջին «ս»-ն կպել է երկրորդ բառին՝ դառնալով առաջին տառ։
Թուրքական կառավարությունը Արարատ լեռան լանջերը դեռ 1974թ․-ին «փակել է» տապանի մնացորդների որոնումների համար։ Բայց քրդերը շարունակում են վարձատրության դիմաց ուղեկցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարձրանալ սրբազան լեռը։
Ամերիկացի լեզվաբան, հետազոտող և պատմության գաղտնիքների մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Չարլզ Բերլիցը (1913-2003թթ․) իր «Նոյի կորսված նավը․ տապանը Արարատի վրա որոնելիս » (The Lost Ship of Noah: In Search of the Ark at Ararat, 1987) գրքում մեջբերում է հայազգի Գևորգ Հակոբյանի վկայությունն այն մասին, որ 1905թ․-ի ինքը` դեռ 8-ամյա տղա, պապիկի հետ բարձրացել է Արարատ լեռը։ Նրանք գտել են տապանն ու եղել ներսում։ Վերին տախտակամածում բազմաթիվ պատուհաններ են տեսել։ Կառույցը հսկայական է եղել և քարի պես պինդ։նոյյ
1940թ․-ին ամերիկյան «Նյու Էդեն» լրագրում հայտնվեց ցարական բանակի նախկին օդաչու, լեյտենանտ Վլադիմիր Ռոսկովիցկու հետ հարցազրույցը։ Նա պնդում էր, որ 1916թ․-ին տապանը հայտնաբերել է լեռան հետախուզական շրջաթռիչքի ժամանակ։ Նիկոլայ 2-րդը դրա մասին զեկույց է ստացել էսկադրիլիայի կապիտանից և հրամայել է 150 հոգանոց արշավախումբ ուղարկել։ Շուտով նրանք տեղ են հասել և կարողացել են տեսնել գտածոն։
Ռոսկովիցկու խոսքով՝ նավը միաժամանակ նման էր հսկայական բարժայի և ապրանքի վագոնի։ Ներսում բազմաթիվ մեծ ու փոքր սենյակներ կային։
«Մեզ ապշեցրին օբյեկտի չափսերը։ Մոտիկից նայելիս այն թվում էր երկար, ինչպես մի ամբողջ թաղամաս, և այն հեշտությամբ կարելի է համեմատել գծանավի հետ։ Այն «խարիսխ էր գցել» լճի ափին և կիսով չափ ջրի մեջ էր։
Դրա մի կողմը՝ հենց նավաքթի մոտ, քանդված էր, իսկ մյուս կողմում մեծ դարպասներ էին՝ մոտ վեց քմ մակերեսով և միայն մի դռնով։ Մեզ շատ զարմացրեց դարպասների մեծ մակերեսը, քանի որ նավի համար դա շատ անսովոր է․․․»,-1940թ․-ի հոդվածում այսպես էր մեջբերվում օդաչուի նկարագրությունը։
Սակայն, ցավոք, գիտարշավի մասին հաշվետվություններն ու լուսանկարները կորել են հեղափոխության տարիներին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց պարզվեց, որ նկարագրությունների մեծ մասը հրատարակիչն էր հնարել հոդվածի ծավալն ու գրավչությունն ավելացնելու համար։ Բայց ռուս զինվորականների հայտնագործության բուն փաստը հնարված չէր։
Մի քանի տարի անց ամերիկացի հետազոտող Վայոլեթ Քամինգսին հաջողվեց 1916թ․-ի արշավախմբի նոր վկաներ գտնել, ինչի մասին նա գրեց իր «Նոյյան տապանն ու Մեռյալ ծովի ձեռագրերը» գրքում։ Այդ պատմությունն ինքնին այնքան հետաքրքրաշարժ է, որ արժե այն առանձին և մանրամասն պատմել, բայց ուրիշ անգամ։
1955 թ-ին Արարատ լեռը բարձրացավ ֆրանսիացի հետազոտող Ֆերնան Նավարրան իր 15-ամյա որդու` Գաբրիելի հետ։ Նրանց հաջողվեց հայտնաբերել մոտ 150 մետր երկարությամբ նավը և անգամ դրանից սղոցել-հանել շպանգոուտի (կորպուսի ուղղահայաց կողը) մոտ 15 սմ երկարությամբ մի կտոր։
Մեկ տարի անց Նավարրան գիրք հրատարակեց իր վերելքի մասին՝ տեղանքի, շպանգոուտի բազմաթիվ լուսանկարներով, գծագրերով, ռադիոածխածնային անալիզի տվյալներով և այլ նյութերով։ Իսկ 1969թ․-ին նա երկրորդ անգամ բարձրացավ լեռը և նավից մի քանի տախտակ վերցրեց։
Ի՞նչ ունենք արդյունքում։ Մեծ փայտե օբյեկտ Արարատի վրա, որը, Ռոսկովիցկու խոսքով, նման է հսկայական բարժայի կամ վագոնի, և որը նկարագրում են այդքան մեծ թվով վկաներ։ Չինացիներն ակնհայտորեն գտել են հենց այդ վայրը՝ իրենց լուսանկարներով ու տեսանյութերով հաստատելով նավի մասին նախորդ բոլոր վկայությունների ճշմարտացիությունը ։
Բայց ինչո՞ւ նրանք դեռ չեն հրապարակել ճշգրիտ կոորդինատները, և ինչո՞ւ 100 տոկոսով վստահ չեն, որ դա Նոյյան տապանն է։ Չէ՞ որ ակնհայտ է՝ եթե այդպիսի մեծագույն հայտնագործություն եք արել, ուրեմն վերջին քայլն էլ արեք, թող համաշխարհային գիտությունն ինքը համոզվի և հաստատի, որ վերջապես Նոյյան տապանը գտնված է, և բոլոր կասկածամիտները ստիպված կլինեն խոստովանել ու հաշտվել։
Բայց ահա արդեն 12 տարի է՝ համացանցում քննարկում են հենց այդ հարցը, թե ինչու նրանք մինչև օրս չեն արել դա։ Տարբեր պատասխաններ են հնչել, բայց ամենահամոզիչը բավականին պարզ վարկածն էր։ Հնագետները տեսել են գտածոյի լուսանկարներն ու տեսագրությունները, բայց կտրականապես հրաժարվել են խոստովանել, որ դա Նոյյան տապանն է։ Նրանց կարելի է հասկանալ, նրանց համար փայտե շինությունն ուղղակի փայտե շինություն է։
Թուրք հնագետներից մեկը այն Ուրարտուի ժամանակների տաճար էր համարում։ Իսկ որ դա հենց Նոյի տապանն է, դեռ ապացուցել է պետք։ Հարդի գտնված մնացորդները, ինչպես և փայտե պատերը, ինքնին դեռ ապացույց չեն։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ գտածոյի մասին հայտարարեցին աշխարհով մեկ, բայց հստակ կոորդինատներ չտվեցին, որպեսզի հերքում չլինի։ Բայց վերջին ժամանակաշրջանում իրավիճակը փոխվել է։
2020թ․-ի նոյեմբերին հայտարարվեց, որ NAMI-ն և ArkInsight Foundation-ը փակվում են։ Եվ որ հիմա այդ հնագիտական հուշարձանը թուրքական իշխանությունների պահպանության տակ է, դրա ուսումնասիրության համար բարձրաստիճան գիտնականներ են հրավիրվել։ Ուսումնասիրությունների մասին որևէ նոր հայտարարություն առայժմ չկա։
Վերջին լուրերի համաձայն՝ օգոստոսի սկզբից Արարատի սառույցը սկսել է ինտենսիվորեն հալչել։ Դա կարող է հրաբխային ժայթքման սկիզբը լինել, այդպիսի ժայթքումներ նախկինում էլ եղել են։ Արարատը բաղկացած է հիմքում միաձուլված երկու քնած հրաբխային գագաթներից՝ Սիս և Մասիս։
Դրանք ժայթքում էին դեռ մ.թ.ա 3-րդ հազարամյակում․ քարացած պիրոկլաստիկ հոսքերի տակ հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան արտեֆակտներ և մարդկային մարմինների մնացորդներ։
Արարատի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1840թ․-ի հուլիսի 2-ին, ուղեկցվել է ուժգին երկրաշարժով։ Լավայի հոսքի պատճառով քանդվել են լեռան հյուսիսային լանջերին գտնվող Սուրբ Հակոբի վանքն ու հայկական Ակոռի գյուղը։
Այն ժամանակ վերևից գյուղը հեղեղած ջրի և ցեխի պատճառով երկու հազար մարդ է մահացել։ Այսօր գյուղը կոչվում է Ենիդողան, այնտեղ քրդեր են ապրում։
Եթե հալչող սառցաշերտը քշի-տանի բացառիկ գտածոն, այն պարզապես փշուր-փշուր կլինի։ Այդ ժամանակ է՛լ ավելի դժվար կլինի որևէ բան ապացուցել։ Եվ այն տեսանկյունը, որ ոչ մի ծովային ալիք ոչ մի աղետի դեպքում Միջագետքով Արարատ չէր հասնի, վերջնականապես գերակշռող կդառնա։
Չնայած․․․ իրականում հենց Արարատի ստորոտին ծովը ծփացել է անգամ պատմական չափանիշներով ոչ այնքան վաղ անցյալում։ Բայց դա արդեն նախապատմական Հայաստանի պատմության բոլորովին այլ էջ է, որի մասին կպատմենք մի ուրիշ անգամ։