ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ջութակ նվագել կամ ամուսնության առաջարկ անել բիբլիական և բոլոր հայերի համար սրբազան Արարատ լեռան վրա. թեպետ այն հիմա չի գտնվում ժամանակակից Հայաստանի տարածքում, այլ շողշողում է Թուրքիայի փակ սահմանից անդին: Սովորաբար, այդ մղումներով են թելադրված լեռ բարձրանալու ցանկությունները: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
Նրա խոսքով` Արարատ լեռ բարձրանում են ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայերը: Խումբը Հայաստանից այս տարի առաջին անգամ Արարատ է բարձրացել հունիսի 25–ին: Վերելքի մասնակիցները իրենց հաղթահարած ամենաբարձր կետում՝ 5137 մետր բարձրության վրա բարձրացրեցին Հայաստանի դրոշը (Արարատի բարձրությունը 5165 մետր է):
«Այս տարի դա առաջին վերելքն է: Տարվա ընթացքում 5-6 այդպիսի վերելք է լինում», – ասաց Դանիելյանը:
Աշխարհի տարբեր երկրներից տարվա ընթացքում Արարատ է բարձրանում մինչև 100 մարդ: Ցանկացողները հիմնականում հայերն են: Նրանց համար լեռը բարձրանալը հարգանքի տուրք է նախնիներին, ևս մի ապացույցը նրա, որ, չնայած պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, հայերը շարունակում են ապրել և պահպանվել որպես ազգ:
«Գեղեցկությո՜ւն». Վադիմ Տակմենևը ոգեշնչված է Խոր վիրապից բացվող Արարատի տեսարանով
Դանիելյանը նշեց, որ լեռան վրա յուրաքանչյուրը կատարում է իր ցանկությունը: Մեկն ամուսնության առաջարկ է անում, մյուսը` Հայաստանի դրոշը բարձրացնում, ոմանք ջութակ կամ այլ երաժշտական գործիք են նվագում:
Լեռ բարձրանալու ընթացքում զավեշտալի դեպքեր չեն լինում. Արարատը կատակների տեղ չէ, այստեղ անհրաժեշտ է լիարժեք կենտրոնացում: Սովորական վերելքը տևում է 5-6 օր, որից 3 օրն արշավախումբն անցկացնում է լեռան վրա:
«Թուրքիայում ոչ մի կերպ չեն արձագանքում հայերի` Արարատը բարձրանալուն։ Բնականաբար, գիտեն, սակայն լռում են: Նրանց ձեռնտու չէ ինչ-որ բան խոսելը, քանի որ նրանց համար դա լրացուցիչ եկամտի աղբյուր է», – բացատրեց Դանիելյանը:
Սովորաբար, լեռը բարձրանալուց հետո, խմբերն այցելում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներ:
Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել
Արշավախումբը ձևավորվում է բարձրանալուց կես տարի առաջ: Այդքան է անհրաժեշտ մի քանի փուլից բաղկացած նախապատրաստության համար: Հրահանգիչները պետք է հասկանան, թե կարող է արդյոք մարդը դիմանալ օդի պակասին ծովի մակարդակից 5 հազար մետր բարձրության վրա, երկար տեղաշարժվել 20 կիլոգրամանոց ուսապարկով:
Մարզումները տեղի են ունենում Հայաստանի լեռներում՝ Արագածի, Աժդահակի, Զանգեզուրի և այլն: Վերջին փորձությունն Արագած լեռը բարձրանալն է:
Եթե բոլոր փուլերն անցել են, և առողջական հակացուցումներ չկան, ապա խումբը պատրաստ է նվաճել բիբլիական լեռը:
Տեսնել և՛ Արագածը, և՛ Արարատը. Հայաստանում ուզում են յուրատեսակ ճոպանուղի կառուցել
Արշավախմբերը սկսել են Արարատ բարձրանալ 10 տարի առաջ: Այս տարիների ընթացքում մոտ 50 արշավախումբ է եղել: Լեռը բարձրանալու համար յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի ծախսել 300-700 դոլարին համարժեք գումար: