Արևն այս լեռներում դեռ մանուկ է. դաշտերի արևի պես տարիք չի առել ու ամեն ինչի վրա զարմանում է` մարդիկ տունուտեղը թողած` ի՞նչ գործ ունեն այստեղ, որտեղի՞ց են այստեղի գետերը սկիզբ առնում այսքան զրնգուն ձայնով։
Լեռներում արևն ամեն, ամեն տեղ է շողում, իսկ համառ ձյունը, արի ու տես, չի հալվում, ու հենց նրանից էլ հոսում է գետը։ Այստեղ ջուրն ավելի վճիտ է, քան քաղաքի ամենամաքուր ապակին և այնքան սառն է, որ գիշերը վրան սառույց է կապում։ Իսկ գետի ափի փոքրիկ ծաղիկներն էլ երեխայի պես գժություն են անում։ Շուրջն ինչքան ասես՝ ջուր կա, իսկ նրանք այս ցրտին եկել, հավաքվել են գետի շուրթին․․․ Եվ ամեն առավոտ արևը բացում է աչքերը, և ամեն առավոտ դա տեսնում ու զարմանում է` ինչպես առաջին անգամ․․․