Գյումրու «Զիլ ուստաները», կամ հին ու նոր շինարարների տարբերությունն ըստ Սուրեն Խաչատրյանի

Գյումրիում դեռ կան ընտանիքներ, որոնք արհեստը սերնդեսերունդ են փոխանցում՝ հորից որդի:Վարպետ Սուրիկն իր հորից է ժառանգել քարտաշ-շինարարի «ոսկե բիլազուկը», հայրն էլ՝ պապից:
Sputnik
Հպարտությամբ թերթելով ընտանեկան ալբոմը՝ գյումրեցի վարպետ Սուրեն Խաչատրյանը մեկառմեկ ցույց է տալիս այն բոլոր շենք-շինությունները, որոնք կառուցվել են իր ու իր հարազատների կողմից: Մատների վրա հաշվում է՝ նախ երրորդ, հետո ապա չորրորդ սերնդին է հիշում. 8, թե՞ 10 շինարար են ունեցել Խաչատրյան-Չախալյանները՝ հաշիվը հա ավելանում է: Ինքն էլ վարպետ-շինարար է:
Մասնագիտությունը պապից անցել է իր հորը՝ քարտաշ որմնադիր Իշխանին, ում գյումրեցիները «Զիլ-ուստա» են կոչել, ապա` հորեղբայրներին, նրանցից էլ` իրեն ու եղբայրներին, հետո էլ` որդուն: Շինարարության հանդեպ հետարքրքություն ունի նաև թոռը, թեև այլ՝ տնտեսագետի մասնագիտություն է ընտրել:
Сурен Хачатрян с коллегами на архивной фотографии
Սուրեն Խաչատրյանը շինարար ընկերների հետ
Արդեն 60 տարի է, ինչ 76-ամյա Սուրեն Խաչատրյանը շենքեր է կառուցում: 16 տարեկանից հայրիկին է օգնել, հետո էլ հմտացել ու եղբայրների հետ  է շարունակել կառուցել:  
Строитель-каменщик Сурен Хачатрян на архивной фотографии
Սուրեն Խաչատրյանը
Մտածել այլ մասնագիտության կամ բարձրագույն կրթություն ստանալու մասին՝ նույնիսկ ժամանակ չի եղել: «Չորս եղբայր էինք, մեկը շատ փոքր հասակում մահացավ, մյուս երեքս շինարարներ ենք: Որդիս էլ է շինարար, հիմա արդեն ընդունվել է պետական աշխատանքի, երբեմն-երբեմն նաև թոռս է մեզ միանում»,-ասում է վարպետը:
Сурен Хачатрян с внуком на строителкьстве в Гюмри
Աշխատանքի պահին
Առաջին մեծ կառույցը, որի շինարարությանը մասնակցել է, իրենց թաղամասի դպրոցն է եղել, հետո արդեն եղբայրների հետ մասնակցել է Գյումրու օդանավակայանի, «Հոկտեմբեր» կինոթատրոնի, «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի, դրամատիկ թատրոնի, քաղաքապետարանի,  Տեքստիլագործների ակումբի, «Ոսկե բլուր» համալիրի  շինարարություններին:
Строитель-каменщик Сурен Хачатрян на архивной фотографии
Սուրեն Խաչատրյանը
«Ուղարկեցին նաև Խարկով՝ կրկեսի շենքի կառուցմանը մասնակցելու: Երեք եղբայրով գնացինք: «ԼԵՆՇԻՆ»  տրեստում էինք աշխատում. լավագույն արդյունք ունենալու համար Խորհրդային Միության շինարարական դրոշը մեզ էին տվել»,- Sputnik Արմենիային պատմում է վարպետ Սուրիկը՝ հպարտությամբ ցույց տալով իր ու Վաչիկ և Թորոս եղբայրների լուսանկարը` Խարկովի կրկեսի շինարարությունից հետո:  
Сурен Хачатрян с братьями на архивной фотографии
Սուրեն Խաչատրյանը` եղբայրների հետ
Ծիծաղով ասում է, թե շինարարն էն տարիներին էր, հիմա ինչ,  աշխարհը զարգացել է։ «Գործիքները հեշտացրել են շինարարի աշխատանքը, բայց հլը նոր շինարարների ձեռքից գործիքները առ՝ վզերը ծուռ կմնան»:
Պայծառ վագոն դեպի Գյումրի, կամ ինչպես գերմանացին հայտնվեց հայկական ռելսերի մոտ
Ինչպես երեխաներին չի կարող առանձնացնել, այդպես էլ կառուցված շինությունները. ասում է`բոլորն են սիրելի: Ցավով է նշում, որ հիմա ով գործ չի գտնում, շինարար է դառնում, բայց այս մասնագիտությունը այդպես հեշտ չի տրվում։ «Լավ շինարարը աշխատասեր ու ազնիվ պետք է լինի՝ մարդկանց չխաբի»,- ասում է վաստակաշատ շինարարը ու ցույց տալիս պատվոգրերը և ունեցած վաստակի համար 2001 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացած «Անանիա Շիրակացի» մեդալը:
Почетные грамоты Сурена Хачатряна
Սուրեն Խաչատրյանի պատվոգրերը
Վաստակաշատ շինարարի պատգամը սերունդներին մեկն է՝ կառուցեն ու շենացնեն հայրենի երկիրը՝ պահելով ու պահպանելով ունեցածը: Չնայած տարիքին` վարպետ Սուրիկը այսօր էլ է շարունակում իր սիրած գործով զբաղվել՝ քարը քարին դնելով ծննդավայր Գյումրին շենացնել: