ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։
Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։