9 ադրբեջանցի զինվոր գողացել ու մորթել են Վերին Շորժայի հովվի կովը. ՀՀ ՄԻՊ

Հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. 2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ադրբեջանում հայ գերիներին դատելը միջազգային իրավունքի խախտում է. Թաթոյան

Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը հունիսի 16–ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես հովիվը հասկացել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Հայերի և ադրբեջանցիների փոխհրաձգությունը մոտ 3 ժամ է տևել. Թաթոյանը մանրամասներ է հայտնում

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:

«Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):

ՄԻՊ–ը շեշտում է` հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան