Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

Երկու երկրի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին Հայաստանից ուղարկվել է Վրաստան։ Թմրանյութ ուղարկողն ու ստացողը հայտնաբերվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Հայաստանից Վրաստան արտահանվող փաթեթում թմրանյութ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին:

«Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանում առկա սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից որոշում է կայացվել է անցկացնել Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ` թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը։ Միջոցառման իրականացման նպատակով պայմանավորվածություններ են ձեռքբերվել ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի հետ, այնպես էլ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև:

Երկու կողմերի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին ուղարկվել է Հայաստանից Վրաստան։ «Վրաստանի Փոստ» ընկերության` Թբիլիսի քաղաքի փոստային բաժանմունքից ծանրոցը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել Վրաստանի քաղաքացի Մ.Կ.-ն:

Միաժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ք. Երևանի Զվարթնոց օդանավակայանի ուղևորների մեկնման սրահից հայտնաբերվել և ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել հիշյալ առաքանու ուղարկողը` ՀՀ քաղաքացի Հ․Դ․-ն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով:

https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8033