ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:
«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշել է Անդրեասյանը:
Նրա խոսքով` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է։
Անդրեասյանը նշել է, որ անցյալ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, երբ համավարակի պատճառով անցում կատարվեց հեռավար դասերի, ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեց: Այս ընթացքում շուրջ 7000 ուսուցիչ վերապատրաստվել է՝ ՏՏ գործիքների կիրառման հմտություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 340–ով և դարձել 175 538։
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը