Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Ճանապարհների ապաշրջափակումը, Քոչարյանի խոսքով, նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:

Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր գերիների համար. Քոչարյան

Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:

 «Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:

Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան

Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:

 Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ

«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: