Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան

Անկարան մինչև օրս կողպած է պահում հարևան երկրի հետ 330 կիլոմետրանոց սահմանը՝ Երևանին մեղադրելով «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան։ Թուրքիայում սկսել են խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։ Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Արցախի հարցով պայմանավորվածությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա։

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

Արցախի գործոնը, ինչպես հայտնի է, միշտ էլ այդ երկխոսության բացակայության պատճառներից մեկն է եղել։ Վերջիվերջո, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց մեծամասամբ նաև ղարաբաղյան հակամարտության պատճառով։

Անկարան մինչև օրս կողպած է պահում հարևան երկրի հետ 330 կիլոմետրանոց սահմանը՝ Երևանին մեղադրելով «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար, բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում, իսկ Արցախում վերջին պատերազմի ընթացքում թուրք գեներալներն ու մասնագետները ակտիվորեն մասնակցել են ռազմական օպերացիաների մշակմանը։ Բայց արժե՞ արդյոք վստահել Մևլութ Չավուշօղլուն, ի՞նչ է թաքնված նրա ելույթների հետևում։

Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի շտապում կարգավորման վերաբերյալ հեռուն գնացող կանխատեսումներ անել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հիմա ինչ-որ երկխոսության հաստատման հեռանկարների մասին խոսելը դեռ չափազանց վաղ է, դրա համար իրական հիմքեր դեռ չկան։

«Եթե դատենք, հիմնվելով տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վրա, Թուրքիայի ներկայիս ղեկավարների աշխարհաքաղաքական տեսլականի վրա, ապա կարելի է ասել, որ Երևանի հետ հարաբերությունները լավացնելու իրական ցանկություն նրանք չունեն։ Թուրքերը երբեք հարևանների հետ հարաբերությունների քաղաքականություն չեն վարել, ելնելով ինչ-որ հույզերից և զգացմունքներից»,-ասում է փորձագետը։

100 տարի առաջ Թուրքիան ցանկանում էր ջնջել Հայաստանը. ինչպես տեղի ունեցավ խորհրդայնացումը

Անկարան առաջնորդվում է միանգամայն հստակ աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Իսկ հաշվարկը կայանում է նրանում, որ Հայաստանն առավել հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Հենց այդ պատճառով էլ Երևանն ինքը պետք է զիջումների գնա, կարծում են Թուրքիայի մայրաքաղաքում։ Հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ հարցերում կախված է Հայաստանի զիջողականությունից։

Հայաստանի հետ երկխոսության բացակայությունը Թուրքիային չի խանգարում Հարավային Կովկասում վառ արտահայտված էքսպանսիոնիստական քաղաքականություն վարել։ Եվ հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի լռելյայն աջակցությամբ։ Ժամանակ առ ժամանակ եվրոպական մայրաքաղաքներից Թուրքիայի ուղղությամբ հնչող «սաստումները», ագրեսիայի և ապակառուցողական գործողությունների մեղադրանքները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության գոտում, չարժե հաշվի առնել, ասում է մեր զրուցակիցը։

ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

Ավելին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի շահավետ է, որ իր առաջատար մասնակիցներից մեկն ամրանում է Հարավային Կովկասում։ Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարական խնդիրներից մեկը Ռուսաստանին զսպելն է, այդ թվում՝ Թուրքիայի օգնությամբ։

Ի դեպ, վերոնշյալը կիրառելի է ոչ միայն Կովկասի, այլ նաև Ղրիմի համար։ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հակառուսական դիրքորոշումը Ղրիմի միացման կապակցությամբ, ասում է Սաֆրաստյանը։