Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն անդրադարձել է եռակողմ հայտարարությանը և նշել, որ որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, տեղյակ են եղել ստորագրվող փաստաթղթի բովանդակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է եռակողմ հայտարարությանը և գրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պաշտոնյաների տեղեկացրել է սպասվող փաստաթղթի մասին։ «Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, և Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` մինչ ստորագրելը Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին

«Միակ պաշտոնյան, ով մի թեթև առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ ու զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների, եղել է Արարատ Միրզոյանը։ Մեզ ասացին, որ հատկապես երկու ձեռքով կողմ է եղել Տիգրան Ավինյանը, ով հիմա ակտիվորեն զբաղվում է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկելու գործընթացով։ Նա համոզել է, որ պետք է անպայման ստորագրվի այդ փաստաթուղթը․ կարևորը, որ պատերազմը դադարի»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։