ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի:
«Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ–ում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին»,–նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։
ԲՀԿ–ն հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Սակայն Փաշինյանը, ըստ ԲՀԿ–ի, բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկները մերժել է:
Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։