Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի բարելավման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղում կրակի դադարեցման հետ կապված հարցեր

«Նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված խնդիրները»,–ասված է հայտարարության մեջ:

Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի բարելավման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման։

Ստեփանակերտում ՌԴ ԱԻՆ-ի խումբը կներառվի հումանիտար արձագանքման աշխատանքներում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։