Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Զենքով բարձված ավտոմեքենան հայտնաբերվել է Սյունիքում։ Ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը ձերբակալվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը` նաև որոշ մանրամասներ ներկայացնելով քրեական գործով կատարված բացահայտումներից։ 

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Մասնավորապես պարզվել է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ-ի վարած ավտոմեքենայում պահել «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և Ֆ-1 տեսակի 1 նռնակ:

Թե կոնկրետ երբ է ձեռք բերվել նշված զինամթերքը՝ առայժմ հայտնի չէ, բայց դրանք հայտնաբերվել են առգրավվել են Արցախից Հայաստան ճանապարհին, 2020թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից:

Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը, իսկ հոկտեմբերի 29-ին նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։ Դատարան միջնորդություն է ներկայացվել` նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ բացահայտվել և կանխվել են Արցախից Հայաստան
անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, որոշ դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր գործել են ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: