ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է հուլիսի 12-ի կեսօրից սկսված` ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ն ա նշել է, որ հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները:
Բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով»,–գրել է Նաղդալյանը:
Նա շեշտել է, որ այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
Կրակոցները պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին անգամ գիշերը։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են, սակայն նրանք իրենց գործողությունները վերսկսել են նաև այսօր առավոտյան։
Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները