Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն. առաջինը կլինի ռուսական «Ազիմուտը»

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից չվերթեր կիրականացնի Հայաստանից դեպի ՌԴ Կալուգա քաղաք։ Չվերթի ուղևորները օդի փող չեն վճարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանից իրականացվող բոլոր այն չվերթերը, որոնք վերջին 1 տարվա ընթացքում չեն եղել, կազատվեն օդի հարկից։ Նման որոշում կայացրեց այսօր ՀՀ կառավարությունը` համապատասխան փոփոխություն առաջարկելով Պետական տուրքի մասին օրենքում։

«Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին և որևէ կոնկրետ ավիաընկերության առանձին արտոնություն չի տրվելու»,– ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարց այս պահին չի քննարկվում

Կառավարության հաշվարկով` թեև այս օրենքի կիրառման արդյունքում բյուջեի մուտքերը կնվազեն, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ բյուջեն կհամալրվի լրացուցիչ միջոցներով։

«Այս պահին տարեկան մոտավորապես 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտք է լինում օդի տուրքի ձևով։ Սակայն կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այս արտոնությունը տրամադրելու արդյունքում մենք ունենալու ենք դրական էֆեկտ` հաշվի առնելով, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանը»,– ասաց Պապիկյանը։

Վարչապետ Փաշինյանն էլ շեշտեց, որ նոր ուղղություններից տուրքից ազատելու որոշում կառավարությունը կայացրել է դեռևս 6 ամիս առաջ։

Աթբաշյան. «Հայաստանի օդային տարածքով շարժը կավելանա, ինչից մենք կունենանք մեծ եկամուտներ»

«Այդ քաղաքական որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մի ավիաընկերություն, որն արդեն կայացրել է որոշում` Երևան և Գյումրի չվերթեր սկսելու։ Արդյունքում արդեն եղան մեկնաբանություններ, թե` Ryanair –ին արտոնություն են տալիս։ Ryanair–ին արտոնություն չի տրվել։ Մենք համագործակցության ենք հրավիրում բոլոր ավիաընկերություններին։ Հրավիրում ենք գալ և մեր պայմաններից օգտվել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս պահին միայն Ryanair ընկերությունն է արձագանքել ՀՀ կառավարության առաջարկին։ Վարչապետը, սակայն, վստահ է, որ դրանց թիվն առաջիկայում կավելանա։

Կապանի նոր օդանավակայանը կկարողանա միանգամից մի քանի օդանավ ընդունել

Քաղաքացիական ավիացիայի կոմտիեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրեց, որ Ryanair–ն արդեն միակը չէ։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա։ Առաջին չվերթը կիրականանա դեկտեմբերի 14-ին։

««Էյր Բալթիկն» էլ է նոր ուղղություն բացում։ Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք։ Բայց նախատեսում ենք, որ 10-ից ավելի կլինեն` մինչև ամառային սեզոնի բացումը»,– ասաց Ռևազյանը։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն այս մասին առայժմ չէր հայտարարում` թույլ տալով, որ ավիաընկերություններն իրենք առաջինը հայտարարեն իրենց նոր ուղղությունների մասին։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»

Հիշեցնենք` օդի տուրքի 10 000 դրամը Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում ամրագրվել և գանձվել է 1997թ–ից։