ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՌԴ ԱԳ նախարարի` Հայաստան պաշտոնական այցի օրակարգը չափազանց լայն է` թե՛ երկկրողմ, թե՛ տարածաշրջանային հարցերով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի` նոյեմբերի 10-11-ին նախանշված այցին։
«Մենք ունենք նաև տարբեր գլոբալ հարցեր, համագործակցում ենք տարբեր գլոբալ հարթակներում` սկսած ՄԱԿ–ից` մինչև եվրոպական տարբեր կառույցներ»,–ասաց Մնացականյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` հայաստանյան հանդիպումների օրակարգում կա՞ արդյոք բիոլաբորատորիաների հարցը։
«Երբ որ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ կկարողանանք խոսել։ Ինչ վերաբերում է ինչ–որ աղբյուրների արտահայտած մտքերին, դրանք որևէ ազդեցություն չունեն մեզ վրա։ Հարմար բան չէ, երբ որ ինչ–որ աղբյուրներ դուրս են հանում ինչ–որ տեղեկություններ ու ստեղծում ինչ–որ անտեղի քամի»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին թույլ կտա մուտք գործել Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաներ:
«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում». Լավրով
Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց է անցնում: Կենսալաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: