ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը շատ սկզբունքային հարց է Հայաստանի համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է էսկալացիան, շարունակվում է ատելության քարոզը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Մնացականյանն ընդգծեց, որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նախարարը հույս հայտնեց, որ էսկալացիայի նվազեցման կամք կդրսևորի նաև Ադրբեջանը։
Հարցին, թե երբ է նախատեսվում երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես մշտապես աշխատում եմ համանախագահների հետ, անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի հետ և ոչ անպայման հանդիպումից հանդիպում։ Եվ այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Իսկ ղեկավարների հանդիպման համար պետք է համապատասխան դաշտը ձևավորված լինի, որպեսզի մենք կարողանանք արդյունքին ուղղված հանդիպում կազմակերպել»,– ասաց Մնացականյանը։
ՀՀ և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ–ի մարտին։ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ առիթ են ունեցել միմյանց հանդիպելու հոկտեմբերի 11–ին Թուրքմենստանում։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: