Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» կենտրոնում ընթացիկ հետազոտություններ է անցել։ Արդյունքները դեռ հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի։ Այսօր դատական նիստից առաջ լրագրողնրին հայտնեց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` նշելով, որ հայրն ընթացիկ հետազոտություններ է անցել, որոնց արդյունքները դեռ հայտնի չեն։

Ռոբերտ Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է. Լևոն Քոչարյան

«Ընթացիկ պրոցես է` արյան անալիզներ, այլ հետազոտություններ»,– ասաց նա` չցանկանալով մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30–ին Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։  Հիվանդանոցի տնօրեն Արմեն Չարչյանը հայտնել էր, որ նա հետազոտություն է անցնում, որից հետո Քոչարյանը տեղափոխվել էր կալանավայր։

Հոկտեմբերի 2-ին ՀՀ երկրորդ նախագահը դարձյալ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտման: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նա ընթացիկ բուժզննման է ենթարկվել, որից հետո կրկին վերադարձել է կալանավայր։

Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: