«Միշտ քո ախպեր Սոսո». Պավլիաշվիլին կարոտում է Երևանն ու շնորհակալություն հայտնում հայերին

Հանրահայտ երգիչը տեսաուղերձ է հղել Instagram–ում և հիանալի օրերի համար սրտանց շնորհակալություն հայտնել Երևանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հրապարակել Instagram–ի իր էջում։ Տեսանյութում նա շնորհակալություն է հայտնում Երևանին երեք հրաշալի օրվա համար։

Երգիչը երախտիքի խոսքեր է հղում իր համերգների կազմակերպիչներին ու ասում, որ Հայաստան այցելելուց հետո ավելի ուժեղ ու իմաստուն է դարձել։

«Աստված մեզ խաղաղություն ու հավերժ ոգեշնչում տա։ Երևան, արդեն կարոտում եմ քեզ։ Միշտ քո ախպեր Սոսո Պավլիաշվիլի», – ասում է երգիչը։

Երաժիշտը խոստանում է անպայման վերադառնալ Հայաստան։

«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին

Երկրպագուներն արձագանքել են նրա ուղերձին և բազում հաճոյախոսություններ ու բարեմաղթանքներ հղել երգչին։ Ոմանք գրել են, թե որքան երջանիկ են, որ երգիչը հաճախ է Հայաստանի պես հիասքանչ երկիր այցելում։ Նրանք երգչին «մերոնքական» են համարում ու կարծում են, որ նա հայերի ու Հայաստանի իսկական բարեկամն է։

Նշենք, որ Պավլիաշվիլին նույնիսկ Երևանին նվիրված տեսահոլովակ ունի։