«Ազատել հերոսին» կամ «կեցցե դատավորը». ինչ էր կատարվում դատարանի բակում

Երկրորդ նախագահի ընդդիմախոսներն ու աջակիցները հավաքվել էին Շենգավիթի դատարանի բակում։ Հազիվ հնարավոր եղավ խուսափել բախումից։
Sputnik

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշվում էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ մնալու հարցը, դատարանի բակում հավաքված աջակիցներն ու ընդդիմադիրներն իրար հակասող կոչեր էին վանկարկում։

Մի խումբը` ձեռքներին մարտի 1-ի զոհերի լուսանկարները, գոռում էր «Քոչարյան մարդասպան», մյուս խումբը վանկարկում էր «Քոչարյան հերոս» և բարձրացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներով ցուցանակներ։

Դատարանը Սեյրան Օհանյանին թույլ տվեց բուժում ստանալ Գերմանիայում

Իրավիճակը թեժացավ, երբ Քոչարյանի ընդդիմադիրներից մի երիտասարդ կեղծ թղթադրամներ շպրտեց Քոչարյանի աջակիցների ուղղությամբ։ Դատարանում հավաքված ոստիկանները մի կողմ տարան տղային և կանխեցին խմբերի բախումը։

Երկրորդ նախագահի պաշտպանները հանդես էին եկել միջնորդությամբ` գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանի` Քոչարյանին կալանքից չազատելու որոշման հրապարակումից հետո Քոչարյանի աջակիցները սկսեցին բարձր սուլել ու վանկարկել «ամո՛թ»։ Իսկ ընդդիմադիրներն ուրախացան և սկսեցին գոռալ «Կեցցե դատավոր Դանիբեկյանը» և «Հաղթանա՛կ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալումը։