ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մոսկվան հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակման օգտին հակամարտությունների լուծման մեջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նա նշեց, որ Ռուսաստանը միշտ և բոլոր իրավիճակներում հանդես է գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին. աճյունների փոխանակում, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակում` «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով։
«Դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտ հաստատելուն, լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ–արևելքում», – ասել է Լավրովը։
Այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։
Իսկ Հայաստանում է գտնվում Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը, որը ապօրինի հատել է պետական սահմանը մարտի 15-ի գիշերը։