Մարտի 23-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը Եվրոպայի 2020 թ առաջնության ընտրական փուլում: Մրցակցի հարկի տակ մեր ընտրանին ուժերը կչափի Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Երեք օր անց՝ մարտի 26-ին, արդեն Երևանում, մեր հավաքականի մրցակիցն է լինելու Ֆինլանդիայի հավաքականը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների լայն ցուցակը, որում տեղ են գտել հինգ դարպասապահներ: Սա նշանակու՞մ է, որ մեր մարզչական կազմը կոնկրետ ինչ-որ մի դարպասապահի հետ հույս չի կապու՞մ: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին: Պարզ է, որ վերջնական ցուցակում տեղ են գտնելու երեք դարպասապահներ: Բայց այդ երեքին ընտրելու համար հարկավոր է տեսնել բոլորին գոնե մարզումների ընթացքում:
Հրավիրված հինգ դարպասապահներն էլ խաղային պրակտիկայի պակաս ունեն և իրենց ակումբներում ոչ բոլոր խաղերում են պաշտպանել իրենց թիմի դարպասը: Կարծում եմ, որ խնդիրը հենց այստեղից է գալիս: Բոլոր դեպքերում մեր մարզչական կազմը հրավիրել է հնարավոր բոլոր թեկնածուներին ու քանակի մեջ որակ փնտրելու իսկական ժամանակն է:
Պաշտպանությունում նույնպես որոշակի խնդիրներ կան և՛ խաղային պրակտիկայի բացակայության հետ կապված, և՛ առանձին ֆուտբոլիստների մարզավիճակի հետ կապված: Բայց տեղին է նշել, որ մեր մարզչական կազմը ընտրության մեծ հնարավորություն չունի, չնայած ներքին առաջնությունում կան հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, որոնք բավականին լավ մարզավիճակ են ձեռք բերել: Համենայն դեպս կարծում եմ, որ այստեղ էլ ընտրություն կատարելիս մարզիչները առաջնություն տվել են կարևոր հանդիպումների փորձ ունեցող ֆուտբոլիստներին:
Կիսապաշտպանության գծում պարզ է, որ ամեն ինչ կառուցվելու է Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ընդ որում` դա առաջին անգամը չէ: Մեր առաջատարը ներկայումս լավ մարզավիճակում է, բայց շատ կարևոր է, թե ո՞վ կխաղա նրա կողքին: Այդ առումով, իհարկե, ցավալի է Մարկոս Պիզզելլիի կորուստը, որը խաղը բաց է թողնելու վնասվածքի պատճառով: Իսկ թե ի՞նչ վիճակում են հավաքական հրավիրված ֆուտբոլիստները, դա այն հարցն է, որի պատասխանը մարզիչները կստանան խաղերից առաջ կարճատև հավաքի ընթացքում:
Հարձակման գծում մենք երկար ժամանակ է ինչ ռմբարկու չունենք: Իհարկե հաշվի առնելով եզրային հարձակվողներին, որոնք կատարում են ոչ միայն հարձակվողի պարտականություններ, այլ նաև մասնակցում են պաշտպանությանը, տարբերակներ գրոհը զարգացնելու ու ավարտին հասցնելու համար մենք կունենանք: Բայց խնդիրը մաքուր հարձակվողի հարցն է: Յուրա Մովսիսյանը երկար ժամանակ է ոչ մի հանդիպում չի անցկացրել: Հասկանալի է, որ մարզվել է, բայց արդյոք առանց պաշտոնական խաղերի Յուրան կարող է գրոհի ավարտական փուլը հանդիսանալ մնում է սպասել:
Ալեքսանդր Կարապետյանի և Նորբերտո Բրիասկո Բալեկայնի պարագայում էլ միանշանակ ու վստահ ասել, որ հարձակվողի հարցը լուծված է, չի կարելի: Կարճ ասած՝ հավաքականը պաշտոնական խաղերին մոտենում է որոշակի խնդիրներով: Մարզչի աշխատանքը անկասկած կարևորելով՝ պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ նրանից է կախված: Մարզչական մտահղացումները խաղադաշտում ցուցադրելու համար հարկավոր են կատարողներ: Մնում է տեսնել, թե ինչ վիճակում են մեր կատարողները:
Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հայկ Իշխանյան, «Լոռի»
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)
Յուրա Մովսիսյան - առանց ակումբի