ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:
Այս մասին ասված է ԿԳՆ–ի տարածած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությանը եզրակացության մեջ:
Ուսումնասիրությունը կատարվել է հետեւյալ ուղղություններով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում:
Ըստ ուսումնասիրության բովանդակային առումով «Արարատյան բակալավրիատի խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված և /կամ տեղայնացված լինելը (ի հակադրություն ստեղծված լինելուն), առարկայական բովանդակային անհամապատասխանությունները, ինչպես նաև հիմնական դպրոցի վերջնարդյունքների և ԱՅԲ-ի շարունակականության միջև առկա խզումը:
«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով: Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը եւ այլ գործարքների:
Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի (պատկանում է «Վեմ» ռադիոկայանին) և դրա վարձավճարի մեծությունն է, որը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը։ Այս հանգամանքը կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված գումարների մի մասը վճարվել է ԿԳ նախարարության ու «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրերով հիմնադրամին հատկացված գումարներից:
Եվս մեկ ֆինանսական խնդիր, որն արժանի է ուշադրության, վերաբերում է պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված պարգեւատրումներին։ ՀՀ ԿԳ նախարարությունը հիմնադրամի հետ 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքել է նվիրաբերության պայմանագիր: Հիմնադրամն իր հերթին 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում աշխատողների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր։ Պայմանագրերի կնքումից հետո 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է` նոյեմբեր ամսին ցուցաբերած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար (առանց հիմնավորման, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ են արձանագրվել նշված ժամանակահատվածում) 13 452 847 դրամի չափով:
«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը չուներ հստակ ներդրման պլան, որը պետք է հաստատված լիներ դեռեւս 2018 թվականի մարտ ամսին: Ընտրված ներդրման մոտեցումները ռիսկային են` դպրոցների միջև հավասարության, ռեսուրսների համաչափ բաշխման ու արդարության հավասարակշռության պահպանման տեսանկյունից:
Ծրագրի շարունակականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արարատյան բակալավրիատի» աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ոչ պետական հենքի վրա վնասել են ծրագրի կայունության հեռանկարը: Ոչ պետական հարթակի վրա քննական կենտրոնի ստեղծումը և ծրագրի կառավարումը առաջ են բերել անբարենպաստ պայմաններ` ծրագրի կայացման, զարգացման եւ ընդլայնման համար:
ԱԲ ծրագրում ընդգրկված ուսուցիչների, տնօրենների, ծրագրի տեղայնացման ուղղությամբ աշխատած, ինչպես նաև քննական կենտրոնի մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց տվեցին, որ ներգրավված են եղել իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող, կրթության ոլորտի գիտակ մարդիկ: Նախարարության համար հրամայական է առավելագույնս օգտագործել ընտրված պրոֆեսիոնալների մասնագիտական ներուժը` հանրակրթության ոլորտի բարեփոխումների նպատակների իրականացման գործընթացում:
Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո: