«Զեբրին դիտավորյալ են թունավորել». Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական կտա, եթե...

Ռուբեն Խաչատրյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե գալիք լայնամասշտաբ ստուգումները խոշոր խախտումներ բացահայտեն։ Իսկ մինչ այդ նա հայտարարեց զեբրին դիտավորյալ թունավորելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե գալիք լայնամասշտաբ ստուգումները խոշոր խախտումներ բացահայտեն։ Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուբեն Խաչատրյանը։

Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

Նախորդ շաբաթ Կենդանաբանական այգու մի քանի նախկին աշխատակիցներ և այժմ այգում աշխատող 5 անձ հավաքվել էին բողոքի ակցիայի` պահանջելով Խաչատրյանի հրաժարականը։

Նշենք, որ Կենդանաբանական այգում ամառային սեզոնին աշխատում է 87 մարդ, իսկ ձմեռային սեզոնին՝ 66:

Ավելի վաղ սկսվել էին տարածվել Այգում առյուծների էֆթանազիայի մասին լուրերը և կեղծ՝ ինտերնետում առկա մի տեսանյութից վերցված լուսանկարներ: Էֆթանազիան իրականում արվել էր 2017 թ.-ի մայիսին և, ըստ Այգու տնօրինության ներկայացրած փաստաթղթերի, եղել են վատառողջ տևական ժամանակ և ունեցել են կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում էին, որ տնօրենը չի սիրում կենդանիներին, իսկ Կենդանաբանական այգին նրա համար ընդամենը բիզնես է։

Ռուբեն Խաչատրյանը բոլոր այդ հայտարարությունները զրպարտություն է անվանում։ Ավելին, ինքն է առաջարկել քաղաքապետարանին ստուգումներ կազմակերպել կենդանաբանական այգում։

Խաչատրյանը կոչ է արել իրավապահ մարմիններին հետաքննություն սկսել ցանկացած ազդանշանով։ Նա նաև պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ հայց ներկայացնելով այն անձանց դեմ, որոնք, ըստ նրա, զրպարտում են իրեն։ Այգու տնօրենը, մասնավորապես, հերքեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով փող լվալու և անփութության մասին մեղադրանքները։

Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

«Իրավապահ մարմինները զբաղվում են զեբրին թունավորելու միջադեպով։ Ցավոք, փորձաքննությունը հաստատել է մեր կասկածները և բացահայտել մկնդեղով թունավորումը։ Նման արարքն անթույլատրելի է, և բոլոր մեղավորները պետք է խստորեն պատժվեն», – ասաց նա` հավելելով, որ դիահերձման պատասխանները ցույց կտան` զեբրի մարմնի վրա եղել են կոտրվածքներ, թե ոչ, ինչպես պնդում են ակտիվիստները։

Կենդանաբանական այգու տնօրենը կարծում է նաև, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել արջի մահվան հետ կապված միջադեպը։ Նրա համոզմամբ` անընդունելի է և անտրամաբանական, որ աշխատակիցը, տեսնելով, որ երկու արջ հարձակվել են երրորդի վրա, սառնասրտորեն կարող է նկարել՝ առանց օգնության կանչելու, որպեսզի կենդանուն փրկեն։

Վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Վերջերս երկու էգ արջ անսպասելիորեն հարձակվել էին երրորդի վրա և հոշոտել նրան։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց զեբրի թունավորման մասին։

Կենդանու բուժումն իրականացրել են տեղի անասնաբույժները, որոնք խորհրդակցել են Լեհաստանի, Հոլանդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և Իրանի մասնագետների հետ։ Չնայած բոլոր ջանքերին` կենդանուն փրկել չի հաջողվել։

Իսկ արջերի պարագայում ի հայտ է եկել նոր հանգամանք. տեսանյութը, որը տարածվել էր, վաղ առավոտյան նկարահանել էր Այգու աշխատակիցներից մեկը՝ փոխանակ միջոցներ ձեռք առնելու, որ երկու մեծ արջերը չհասցնեին վնասել ավելի երիտասարդին: