ԱԺ ընտրություններում «մեռյալ հոգիներ» չեն լինելու. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետը վստահեցրեց, որ ընտրացուցակներում անհամապատասխանությունները եզակի բնույթ են կրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններում ուռճացված ընտրացուցակներ չեն լինելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա ավելացրեց, որ «Երևանի ավագանու` վերջերս կայացած ընտրությունների ցուցակների նման գերազանց ցուցակներ երբևիցե չեն եղել, և հավաստիացրեց, որ նման ցուցակներ կլինեն նաև ԱԺ ընտրություններում։

Օսիպյանը շեշտեց՝ գոհ է իր ղեկավարած կառույցի ամեն ծառայողի աշխատանքից եւ համոզված է՝ ոստիկանների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ անցկացնել ավագանու լավ ընտրությունները, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։

«Կան մի քանի մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա եւ անուն կպցնել ոստիկանությանը, բայց ես, լինելով այս կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից։ Այն, ինչ չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին, բայց ներկայումս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերին։