ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 300-500 մետր հեռավորության վրա է։ Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով սահմանահատման հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին վերաբերող հարցին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Այդ մարդը, ինչպես գիտեք, ունի որոշակի առողջական խնդիրներ, մոլորվել է և պատահաբար հատել սահմանը։ Այսինքն` այն վարկածը, որ շրջանառվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք` հուլիսի 15-ի առավոտյան ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում, և գերի է վերցվել «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: