Հայաստանը վրիպեց Մադրիդյան սկզբունքների հարցում. դրանք պետք է վերանայվեն. Նավասարդյան

Դեսպան Նավասարդյանը կարծում է, որ աշխարհում տիրող իրավիճակը նպաստում է արցախյան խնդրի առաջխաղացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Մադրիդյան սկզբունքները հայ դիվանագիտության մեծ վրիպումն է, ժամանակն է վերանայել դրանք։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մադրիդյան սկզբունքները հայկական դիվանագիտության ամենամեծ վրիպումներից են։ Այդ ճանապարհը տանում է փակուղի, մենք արդեն այնտեղ ենք», — ասաց Նավասարդյանը։

Նրա կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ «Մադրիդյան սկզբունքները» փակուղի են տանում։

«Հակամարտությունը պարզապես տարածքային խնդիրներով չի սահմանափակվում: Ադրբեջանը Թուրքիայի հետ հայասպան քաղաքականություն է իրականացնում»,- ընդգծեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Ադրբեջանը պատրաստ է Արցախի հարցով բանակցություններին

«Խոսքը մեկ-երկու շրջանների մասին չէ։ Իլհամ Ալիևն ասում է, որ ուզում է հետ վերցնել «իր հողերը»։ Կասկածում եմ, որ սա զառանցանք է, քանի որ նա լուրջ նախագծեր ունի։ Այդ պայմաններում պետք է փոխել բանակցությունների ձևաչափն ու պարադիգման», — ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր միջազգային ասպարեզում այնպիսի բարձունքի է հասել, որ շատ հարմար է այդ իրավիճակն օգտագործել ղարաբաղյան խնդրի առաջմղման համար:

«Այժմ տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է դիտվում: Այս իրադրության մեջ և՛ Ռուսաստանն է ստիպված մեզ «լավ աչքով» է նայել, և՛ Արևմուտքը: Այս պահից պետք է օգտվել»,- ասաց Նավասարդյանը: Նրա պնդմամբ` այժմ պետք է և կարևոր է ագրեսիան բացառել: «Ներկա իրավիճակում Ադրբեջանը սահմանին ռիսկի չի դիմում լարվածություն ստեղծել, քանի որ Մոսկվան զգուշացրել է, որպեսզի նման բան չանի, թե չէ նրանք անպայման կօգտվեին իրավիճակից»,- ասաց նա:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանին ձեռնտու չէ արցախյան ճակատում լարվածության աճը:

Բացի այդ, Իսրայելի ու Իրանի միջև լարվածության սրման պայմաններում, հրեական պետությունն ուժեղացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը (մասնավորապես` դրոնների մատակարարումը Բաքու) Ադրբեջանի հետ։

Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

«ԱՄՆ-ն ուզում է վտանգ ստեղծել Իրանի հետ սահմանին։ Ադրբեջանը, օգտվելով դրանից, կփորձի ակտիվացնել իր քաղաքականությունը Իրանի սահմանին», — ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքով` իրանական դիվանագետները պնդում են, որ գիտակցում են Ադրբեջանի այդ քաղաքականությունը։

Այսպիսով, ըստ Նավասարդյանի, գործոնները շատ են արցախյան հարցում հայկական դիրքերն առաջ մղելու համար։

Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքները, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ, Հայաստանին և Ադրբեջանին ներկայացվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007թ.-ի նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաքում։

Մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերն են` Արցախի շուրջ գտնվող տարածքների հանձնումն Ադրբեջանին, որոնք վերահսկում է հայկական կողմը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, անվտանգության երաշխիքների և տարածաշրջանի ինքնակառավարման ապահովումը, Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցքի առկայությունը, բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա հետագայում Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքների ապահովումը` նրանց նախկին բնակավայրեր վերադարձնելու համար, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում` խաղաղությանն ուղղված գործողությունները։