ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Իրանը միջոցների ծրագիր է մշակել` ի պատասխան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանական կառավարության ներկայացուցիչը։ Նշվում է, որ Թեհրանի միջոցները համաչափ են լինելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։
Իրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում։
Դրա կատարումը հանում էր Թեհրանի վրայից ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում էին միջուկային մշակումների պատճառով։