Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյան պողոտայում անկարգություններ կատարելու կասկածանքով

Կասկածյալը քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին քանդելով հասարակական կարգի պահպանության նպատակով տեղադրված մետաղյա արգելապատնեշը` դրա գործադրմամբ բռնություն է կիրառել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի վարչությունը։

Ըստ տարածած տեղեկության` քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները ապրիլի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք:

«Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հասարակական լարված վիճակ է, քաղաքացիները միմյանց նկատմամբ բռնություն են կիրառում

Ըստ քրեական գործի նյութերի` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվորեն մասնակցել է նաև Հ. Մ.-ն, ով քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին քանդելով հասարակական կարգի պահպանության նպատակով տեղադրված մետաղյա արգելապատնեշը` դրա գործադրմամբ բռնություն է կիրառել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խախտել հասարակական կարգն ու վտանգել մարդկանց անվտանգությունը:

Նա հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: