Վրացիներին դուր չի գալիս Հայաստանում «աջ ղեկի» արգելքը. նրանց շահույթները կնվազեն

Աջ ղեկով մեքենաները Հայաստան ներկրելու համար սահմանված արգելքը միայն հայ վարորդներին չէ, որ դուր չի գալիս, վրացի վերարտահանողները ևս հիացած չեն այդ որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտ — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, կարող է բացասաբար անդրադառնալ ավտոմեքենաների վերարտահանման վրացական շուկայի վրա։ Այդ մասին գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։

Հոդվածի հեղինակը վստահ է, որ կատարվող փոփոխությունները կարող են ոչ միայն վնաս հասցնել վրացի մասնավոր վերարտահանողներին, այլև հարվածել Վրաստանի բյուջեին։

«2014թ.-ին Վրաստանից հարևան երկրներ ավտոմեքենաների վերարտահանումից ստացված շահույթը կազմել է 517 միլիոն դոլար։ 2015թ.-ին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 179 միլիոն դոլարի։ Թվում է, թե իրավիճակը փոխվել էր դեպի լավը 2017թ.-ին, երբ մեքենաների վերարտահանման ծավալն աճել էր 40 տոկոսով, և դրանից ստացված շահույթը կազմել էր ավելի քան 234 միլիոն դոլար», — գրված է հոդվածում։

Վրաստանում կարգելեն աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների գրանցումը

Մասնավորապես Թբիլիսին մտահոգված է, որ Երևանի որոշմամբ ապրիլի 1-ից արգելք է սահմանվելու աջ ղեկով մեքենաների վրա։ Հայաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով մեքենաների ներկրման ժամանակավոր արգելքի մասին օրինագիծը։ Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից և կգործի մինչև հոկտեմբերի 1-ը, բայց հետագայում իշխանությունները մտադիր են անժամկետ դարձնել այն։

Նրանց, ովքեր արդեն ունեն նման մեքենաներ, թույլ կտան օգտագործել և վերավաճառել դրանք։ Բայց նոր մեքենաներ ներկրելը կարգելվի։

Օրինագծի դեմ արդեն տեղի են ունեցել մի շարք ցույցեր։ Վարորդները պահանջել են պահպանել աջ ղեկով մեքենաներ գնելու հնարավորությունը (որպես կանոն՝ դրանք ավելի էժան են)։