Ռուսաստանում «իսկական տղու» են դատում. Արմեն Բեժանյանին ուժով են դատարան բերել

Դերասանը որոշել էր չմասնակցել նիստին, այդ պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել նրան դատարան բերման ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Պերմի Օսա քաղաքում նախօրեին դատավարություն է սկսվել ռուսաստանցի գործարար և դերասան Արմեն Բեժանյանի քրեական գործի վերաբերյալ։ Բեժանյանը «Իրական տղաներ» սերիալում մարմնավորել է Արմենկայի դերը, հայտնում է properm.ru–ն։

Հաղորդագրության համաձայն` դերասանը որոշել էր չմասնակցել նիստին, այդ պատճառով նրան ստիպված են եղել բերման ենթարկել ոստիկանության աշխատակիցների օգնությամբ։

Ռուսաստանաբնակ հայ գործարարին բերման են ենթարկել օդանավակայանից

Դատավարության սկզբում դերասանի փաստաբանը ժամանակ խնդրեց գործին ծանոթանալու համար։ Նրան մեկ ժամ տվեցին։ Դրանից հետո դատավորին տեղեկանք ներկայացրեցին Բեժանյանի հիվանդության մասին, ինչի պատճառով վերջինս չի կարողացել ներկայանալ։ Արդյունքում` նիստը ևս երեք ժամով հետաձգվեց. առողջական խնդիրների մասին տեղեկությունը չհաստատվեց, այդ պատճառով գործարարի հետևից ոստիկանության աշխատակիցների ուղարկեցին, որոնք էլ նրան դատարան բերեցին։

Կատակերգական սերիալի աստղին մեղադրում են «խոշոր չափերի հափշտակության, ստի կամ վստահության չարաշահմամբ գույքին վնաս պատճառելու համար»։ 2016 թվականի վերջին մարզային դատախազությունը պարզել էր, որ Արմեն Բեժանյանը կադաստրային հաշվառման է դրել և իր վրա գրանցել Օսինսկի վարչակազմում վարձակալության մեջ գտնվող հողատարածքների անավարտ շինությունների իրավունքը։ Սակայն գործնականում ոչ մի շինություն էլ չի եղել։

Այդպիսով` բյուջեին ավելի քան 560 հազար ռուբլու վնաս է հասցվել։ Դերասանը, սակայն համաձայն չէ մեղադրանքի հետ։